«Մենք չենք կարող հարվածել ԱՄՆ-ի տարածքին, ուստի կհարձակվենք տարածաշրջանում նրանց բազաների վրա: Մենք չենք հարձակվում Պարսից ծոցի մեր եղբայրների վրա, մենք չենք հարձակվում մեր հարևանների վրա: Մենք հարձակվում ենք ամերիկյան թիրախների վրա, դա ակնհայտ է»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին:               
 

Ներկայիս բարդ իրավիճակում՝ «անվտանգության բարձիկ» Հայաստանի համար

Ներկայիս բարդ իրավիճակում՝ «անվտանգության բարձիկ» Հայաստանի համար
04.03.2026 | 13:03

Այս օրերին ինձ շատ են հարցնում՝ ի՞նչ ռիսկերի կարող է բախվել Հայաստանի էներգետիկ համակարգը Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների պայմաններում:

Եթե համառոտ, ապա՝

1. հաշվի առնելով Իրանի նավթագազային համալիրին հասցվող վնասը՝ մեծ է հավանականությունը, որ վերջինս էապես կկրճատի կամ ժամանակավորապես կդադարեցնի գազի արտահանումը, այդ թվում՝ Իրան-Հայաստան գազամուղով: Դա, իր հերթին, չի նշանակում որ Հայաստանը կարող է հայտնվել գազի պակասորդի պայմաններում, քանի որ նշված երթուղով մենք տարեկան ներկրում ենք, լավագույն դեպքում, 300-350 մլն խմ գազ՝ տարեկան մոտ 2,3 մլրդ սպառման պայմաններում: Միաժամանակ, քանի որ իրանական գազի ներկրումը տեղի է ունենում «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերի շրջանակներում, կարող է էապես նվազել Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի արտահանումը (տարեկան մինչև 1 մլրդ կՎտ.ժ):

2. Հարցականի տակ է հայտնվում «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքի նախագիծը (Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան), քանի որ խարխլված էներգետիկ համակարգի պայմաններում Իրանը ի վիճակի չի լինի ինտեգրվել միջազգային էլեկտրաէներգետիկ համակարգին՝ հավուր պատշաճի ապահովելով փոխադարձ հոսքեր: Եվ դա կարող է հիմք ծառայել Հայաստանի գործող իշխանությունների համար առաջ մղելու «Արևելք-Արևմուտք» էներգետիկ միջանցքը, ինչը փաստացի նշանակում է Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգին միացում՝ սցենար, որի հավանականությունը ստեղծված քաղաքական պայմաններում բավականին բարձր է (թեև համակարգերի սինխրոնիզացումը չափազանց բարդ խնդիր է):

3. Գազի գնի կտրուկ աճը չի անդրադառնա Հայաստանի վրա, քանի որ Ռուսաստանից ներկրվող «կապույտ վառելիքի» համար սահմանված է շուկայականից ցածր՝ 165 դոլար երկարաժամկետ պայմանագրային գինը: Ներկայիս բարդ իրավիճակում (որն ավելի է բարդանալու առաջիկայում) դա շատ կարևոր «անվտանգության բարձիկ» է Հայաստանի համար, ինչը պրոիշխանական պրոպագանդիստները փորձելու են ժխտել մինչև վերջ:

4. Նավթի գների աճը ուղիղ անդրադարձ չի ունենա Հայաստանի տնտեսության վրա, քանի որ մենք չունենք նավթավերամշակում: Իսկ նավթամթերքի վերջնական գնի կառուցվածքում նավթի գնի կշիռը կազմում է մոտ 15%, մնացածը՝ ակցիզային հարկեր, ԱԱՀ, վերամշակման ծախսեր, լոգիստիկա և այլն: Իհարկե, որոշակի գնաճ կարող է լինել, սակայն՝ ո՛չ կրիտիկական:

Վահե Դավթյան

Քաղակական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 142

Մեկնաբանություններ